Մայիսի 7-ին նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում հայտնել է, որ այժմ Հայաստանի համար ամենակարևորը ներդրումներ ներգրավելն է: Փոխանցում է news.am-ը։

Նա շնորհավորելով, որ գործընթացներն առանց ցնցումների ու արյունահեղության են ընթացել, հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդպես կլինի:

«Առաջին փուլում կլինի անձանց փոփոխություն: Սակայն եթե չաշխատեն և համակարգը չփոխեն, դրանով ամեն ինչ կսահմանափակվի: Այսինքն՝ «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը պետք է գործով իրականացվի», - նշել է Պողոսյանը:

Մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների որոշ հրապարակումները, որոնք Հայաստանում զայրալից արձագանք են առաջացրել, Թևան Պողոսյանը նշեց, որ պատվիրված հոդվածները նորություն չեն:

«Մեր թշնամիները չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, այլ փորձում են վնասել, այդ թվում՝ վճարված հարցազրույցների և վերլուծությունների միջոցով», - պարզաբանեց Պողոսյանը:

«Հույս ունեմ, որ բարձր տրամադրությունը և բոլորին նոր Հայաստանի կառուցման գործին ներգրավելու ցանկությունն այնպիսի մթնոլորտ կստեղծեն, որ բոլորն ակտիվ աշխատեն: Անհրաժեշտ է դառնալ օրենքի և ազատության երկիր», - հայտարարեց Պողոսյանը: Մեկնաբանելով բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ կադրային ջարդ ու վենդետա չի լինի, ինչպես նաև հանրության շրջանում տարածված հայտարարությունները բոլորին, ովքեր երկիրը թալանել են, պատժելու անհրաժեշտության մասին՝ Պողոսյանը նշեց, որ բոլոր գործընթացները պետք է օրենքի շրջանակում ընթանան:

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ շրջադարձ չի լինի: Գոյություն ունեն երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, և անհրաժեշտ է հաշվի առնել այս կամ այն նախագծին միանալու բոլոր պլյուսներն ու մինուսները, իսկ արդեն հետո եզրահանգումներ կատարել: Հիմա Հայաստանի համար ամենակարեւորը ներդրումներ ներգրավելն է: