Գրեթե 2 տարի բանտում անցկացրած Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նրա հանդեպ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Դատական նիստին ներկա չէին տուժողներից որևէ մեկը։ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը 2016-ի հուլիսի վերջից անազատության մեջ է, իսկ դատն անընդհատ ձգձգվում է։ Ղուկասյանն ասել է, որ մշտապես պայքարել է «ընտրողական» արդարադատության դեմ, նշել, որ միանում է իր պաշտպանների՝ Ինեսա Պետրոսյանի և Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը։
Մեղադրողն առարկել է այս միջնորդության դեմ, նշել, որ դատարանը պարբերաբար անդրադարձել է այդ հարցին, պաշտպանության կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել, դատարանը կայացրել է դատական ակտեր, որոնցում հստակ ներկայացված են կալանավորման հիմքերն ու պայմանները։Դատական նիստին ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Լրագրողների հետ զրույցում Սվիտալսկին տեղեկացրել է՝ ԵՄ-ն բոլոր նիստերին հետևում է, և այսօր իր՝ նիստին ներկա լինելը ևս այդ դիտարկման շարունակությունն է։ Սվիտալսկին միայն ասել է՝ որպես ԵՄ՝ միայն կարող է կրկնել, որ իրենք հստակ նպատակ ունեն՝ աջակցելու Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի կայացմանը։