Հայկական բանակը «հակառակորդի» սահմանը հատելուն պատասխանում է «Սմերչով». վարժանքներ
ՀՀ ԶՈւ հրթիռային զորամասի անցկացրած զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը վարժանքների քողի տակ ուժեր է խմբավորում, հարձակվում, հետ մղվում, ապա վերախմբավորվում և հատում ՀՀ պետական սահմանը, որին ի պատասխան հայկական զինանոցի «Սմերչ» համակարգերը կրակում են առաջանային նշանակետերի և դեսանտագրոհային գումարտակի վրա: Զորավարժությունը հնարավորինս մոտեցված է իրական մարտական պայմաններին:
Հրթիռային զորամասը տագնապի ազդանշանով բերվում է մարտական պատրաստականության բարձր աստիճանի և անցնում խնդիրների իրականացմանը: Ստորաբաժանումը հավանական հակառակորդի հնարավոր հարձակումը կասեցնելու համար «բոլոր տեսակի ուժերով և միջոցներով» գործողություններ է ձեռնարկում:
Հիմք ընդունելով հետախուզության տվյալները՝ ՀՀ զինված ուժերի զորամասերը բերվում են մարտական պատրաստականության առաջին աստիճանի: Հրետանու ուղղորդիչներն ուղղվում են նշանակետին ու սպասում կրակի հրամանին:
Երկրորդ փուլում առաջ տեղաշարժելով կորպուսային և բրիգադային ռեզերվները՝ հակառակորդը սկսում է հարձակումը, ՀՀ ԶՈւ-ին հաջողվում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, սակայն, «վերախմբավորվելով և վարելով թեժ մարտեր, հակառակորդին այդուհանդերձ հաջողվում է հատել ՀՀ պետական սահմանը»: