Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տուրիզմի բաժնի պետը զեկուցել է, որ, հաշվի առնելով «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման գործընթացը, այս տարի ծրագրի տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։

Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված՝ զեկուցվել է, որ Նալբանդյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի մոտ մեկնարկել են համապատասխան շինարարական աշխատանքները և առաջիկա օրերին կտեղադրվի առաջին կետը:

Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը զեկուցեց, որ 120 գույքագրված հուշարձաններից 37-ում առկա են համապատասխան ցուցանակներ, առաջիկայում, մասնավորի հետ համագործակցությամբ, մյուսները ևս կհամալրվեն նմանատիպ ցուցանակներով, Հաղթանակի զբոսայգում ավարտվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի մեկնարկին, որն, ի դեպ, անց է կացվում 2013թ․-ից սկսած: