«Ուղիղ եթերները կոտրեցին կեղծ լուրեր տարածելու հնարավորությունը»․ Սամվել Մարտիրոսյան
Մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսեց վերջին իրադարձությունների մասին, նշելով, որ սոցիալական ցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան ներքաղաքական վերջին իրադարձությունների վրա՝ ինֆորմացիայի աղբյուր հանդիսանալով նաև արտասահմանյան լրատվամիջոցների համար:
«Թվիթերն» այս օրերին դարձավ շատ լուրջ գործիք, որովհետև անգլալեզու բովանդակությունը շատ օպերատիվ կերպով տարածվում էր դեպի դուրս, իսկ ռուսալեզու լսարանի համար տեղեկություն էր տրամադրում «Տելեգրամը»: Եթե գլոբալ նայենք, սոցցանցերը չլինեին, ապա իրադարձությունները դանդաղ կզարգանային: Ինչ-որ պահի Փաշինյանը պարզապես «ուղիղ եթեր»-ով էր կոորդինացնում ակցիաները: Սա սոցիալական շարժում էր, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի», - ասաց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը՝ խոսելով վերջին օրերին տարածվող կեղխ լուրերի մասին, նշեց, որ կեղծ լուրերը շատ մեծ ազդեցություն չունեցան ներքաղաքական իրավիճակի վրա.
«Գրեթե բոլորն ուղիղ եթերով հետևում էին իրադարձություններին, և դա կոտրեց կեղծ լուրեր տարածելու հնարավորությունը»։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում կա կեղծ լուրեր տարածողների մեծ բանակ, որոնք «Թվիթեր»-ում փորձում են Հայաստանը վարկաբեկել կամ Հայաստանի հասարակության վրա ազդել, բայց այս անգամ իրենք պասիվ էին գործում, ինչը, ըստ Մարտիրոսյանի, պայմանավորված էր նրանով, որ մինչև իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին, թե ինչ պետք է գրել, Հայաստանում փոխվում էր իրավիճակը։