Ազգային ժողովը այսօր կրկին վարչապետ է ընտրելու
Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի այսօր ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Մայիսի 3-ին 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Միակ թեկնածուին սատարում են Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը ևս վստահեցնում է որ օժանդակելու է Փաշինյանի ընտրությանը: