Հովունի և Վահրամաբերդ գյուղերը կապող ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ են տարվում
Շիրակի մարզի Հովունի և Վահրամաբերդ գյուղական համայնքներ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հիմնանորոգման աշխատանքներ են տարվում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելեց այս ճանապարհահատված։ Հայտնում է galatv-ն։
Շինարարությունն իրականացնող «Մերձմոսկովյան» ընկերության ղեկավար Արամ Ադամյանը նշեց, որ արդեն կատարվել են ջրահեռացման համակարգի վերականգնման, բազալտե եզրաքարերի տեղադրման, ավազակոպճային ենթահիմքի տեղադրման
աշխատանքներ։ Վահրամաբերդում տեղադրվել է 340մ նոր կոյուղագիծ: Նախատեսվում է նաև վերականգնել և մաքրել ջրթող խողովակները, կատարել մայթերի, կողնակների կառուցման աշխատանքներ։ Կասֆալտապատվեն դեպի դպրոց տանող ճանապարհները։
Այս տարվա մարտի 23-ից մեկնարկած՝ այս գյուղական համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2018թ. հոկտեմբերի 23-ին։ Շինարարներն ընդգծեցին, որ կան բոլոր նախադրյալները աշխատանքները ժամկետից շուտ ավարտելու համար։