Ստեփանակերտում բացվել է անվանի կինոօպերատոր, լուսանկարիչ Լևոն Աթոյանցի լուսանկարչական աշխատանքների առաջին ամբողջական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվել է հեղինակի մոտ 100 աշխատանք: Լ. Աթոյանցն ասել է, որ փորձել է լուսանկարների միջոցով ցույց տալ Շուշին, իսկ ավելի ուշ արված աշխատանքներում՝ հայ զինվորին, ով ոչ միայն կռվելու, այլև հաղթելու համար է ծնվել: Արցախյան պատերազմի ընթացքում արված լուսանկարների մասին խոսելիս հեղինակը նշում է, որ մարդիկ հայրենիքն էին պաշտպանում, ինքն էլ նրանց գործն էր հավերժացնում:

«Լուսանկարների միջոցով փորձել եմ խաղալ ոչ միայն գույնի, լույսի ու ստվերի, կոմպոզիցիայի ու կադրի դրամատուրգիայի հետ, այլև փոխել դրանց հետ աշխատելու ավանդական ձևերը ու ստեղծել իմը: Թե ինչքանով եմ հասել հաջողության, ժամանակը կասի», - նշել է Լ. Աթոյանցը ի պատասխան լրագրողի հարցին:

Նշենք, որ որպես կինոօպերատոր՝ նա նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնցից առավել հայտնի են «011 աքսորականը», «Մորգանի խնամին», «Խոշոր շահում», «Քաոս», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» կինոնկարները:

ՀՀ մշակույթի փոխնախարարը տեղեկացրել է, որ վարպետ Աթոյանցի ցուցահանդեսով սկիզբ է դրվում մի նոր համագործակցության, որը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա փետրվարին՝ ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարությունների կողմից հաստատված համատեղ մշակութային ծրագրերով:

Ցուցահանդեսը բաց է լինելու առաջիկա օրերին, որից հետո լուսանկարները մնալու են Ստեփանակերտի պատկերասրահում: