«Քաղաքացու երգը» առաջին անգամ հրապարակվել է մարտի 30-ին։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ իր քայլը։ Խոսքերի հեղինակը հենց Փաշինյանն է, իսկ երաժշտությունը Հայկ Ստվերն է գրել։

Երբ 38-ամյա երգիչը Ուկրաինայում Փաշինյանի հեղինակած բառերին համապատասխան երաժշտություն էր գրում, մտքով անգամ չէր անցնում, որ երգը դառնալու է հեղափոխության հիմնը: Հայտնում է «Գալա»-ն։

Հիմա խոստովանում է, որ հաճելիորեն ուրախանում է, երբ ամենուրեք՝ բակերում, հրապարակներում, տարբեր հաստատությունների ու մարդկանց կողքով անցնելիս իր երգն է լսում:

Արդեն մի քանի տարի նրա մոտ ստեղծագործական դադար էր, պատմում է, որ ինքն էլ շատերի նման արտագաղթել էր երկրից, ապրում էր Կիևում, երգում տեղի ռեստորաններում: Հեղափոխության առաջին օրերին Հայկը վերադարձավ Երևան: Եվ հեղափոխության երգը կենդանի կատարմամբ հնչեց հրապարակում հաղթանակած ու պայծառ երիտասարդների կողքին: Հիմա նա նշում է, որ ցանկանում է մնալ Հայաստանում և ստեղծել սեփական ստուդիան: Կիևից ընկերները Հայկին շնորհավորում են և նորից կանչում հետ, բայց Հայկն ակտիվ ստեղծագործական կյանք է սկսում սեփական երկրում։