«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից, ինչպես նաև դուրս եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից։

Խաչիկ Ասրյանի հայտարարությունում նշված է.

«Քրիստոնյա՛ և հայրենատե՛ր Հայեր

Իմ խորին համոզմամբ` 2018թ․-ի ապրիլի 23-ից Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամային իրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման և ձևավորման ընթացքում, իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած, շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, որոնց Հայաստանում և Արցախում մասնակցել են 380-ից 400.000 քաղաքացիներ, այդ թվում, վերջին 11 տարիների ընթացքում պետական համակարգում իմ ազնիվ, հավատարիմ և պատասխանատու գործունեությունը` տալիս եմ իմ հրաժարականը` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից և դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը ներկա և եկող սերունդների համար լինելու է մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը: Ուստի, քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը և շարունակելու է «Հայոց Արծիվների» ազգային-պետական-հայրենասիրական գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում:

Գիտակցական իմ կյանքում, 26 տարիների գործունեությունս, բացառապես, ուղղված է եղել իմ պետության և իմ ժողովրդի արտաքին անվտանգության ապահովմանը, ասել է թե` հայոց բանակ, հայ զինվոր, զորամասեր, սահմանագիծ, մարտական հենակետեր և արտաքին պաշտպանություն. հետայսու իմ և նորաստեղծ կուսակցության առանցքային առաքելությունն եմ համարում իրականացնել նույնքան շռնդալից ու չերկրորդվող գործունեություն Հայաստանի` այժմ նաև` ներքին կայունության համար:

Այո՛, «Հայոց Արծիվներն», իր վաստակած հեղինակությամբ, մեծ փորձով և վճռականությամբ, մնալով հայոց սուրբ հողի պաշտպանության խրամատներում, միաժամանակ, մտնում է Հայաստանի ներքին քաղաքականության պայքարի մեջ՝ հաղթելու և, իրոք, կառուցելու մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաքելությունը հայ ազգի և հայոց պետականության ներքին և արտաքին անվտանգության ապահովումն է:

Այնպես, ինչպես «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում որդեգրել էր «Իմ միջոցով՝ ազգիս համար», «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ութ տարիների ընթացքում` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Առաջնորդ» կարգախոսները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն էլ որդեգրել է «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն» կարգախոսը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր մասնակցությունն է ունենալու առաջիկայում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին:

«Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»: