Իսրայելական ավիացիան ի պատասխան գիշերային հրթիռակոծության Սիրիայում հարձակվել է Իրանի տասնյակ օբյեկտների և ՀՕՊ մարտկոցների վրա։ Այս մասին հայտնում են Իսրայելի Պաշտպանության բանակից:

Ռազմական ամփոփագրում նշված է, որ թիրախները պատկանել են իրանական «Ալ Ղուդս» կազմավորմանը:

«Հարձակման են ենթարկվել՝ Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, մի քանի զենիթահրթիռային կայանքներ, մայրաքաղաքի օդանավակայանում գտնվող զենքի պահուստները, հսկիչ կետերը, «Ալ Ղուդսի» սահմանի մոտ գտնվող այլ դիրքեր ու սպառազինություն: Ոչնչացվել է ավտոմեքենան, որի վրայից կատարվել էր Իսրայելին ուղղված հրթիռների արձակումը»,- հայտարարել են զինվորականները՝ հավելելով, որ իրանական ուժերը Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի առաջավոր դիրքերը գնդակոծելու համար օգտագործել են «Գրադ» և «Ֆաջր-5» տեսակի ռեակտիվ արկեր:

Սիրիացի զենիթայիններն անտեսում էին գործողությանը չխանգարելու կոչերը, և ի պատասխան ցամաքից կրակին՝ ավիացիան հարվածներ է հասցրել մի քանի՝ SA-5, SA-2, SA-22 եւ SA-17 տեսակի համալիրներին:

Բանակից նշել են, որ վերջին տարիներին ամենամասշտաբային գործողություններից մեկին մասնակցած բոլոր օդանավերը բարեհաջող վերադարձել են իրենց բազաներ, իսկ հրթիռային հարվածը, որը այն հրահրել էր, նույնպես իսրայելական կողմի համար առանց կորուստների է եղել: Գիշերը արձակված հրթիռներից ոչ մեկը չի ընկել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքի վրա, հստակեցրել են զինվորականները: Բանակից շեշտել են, որ Իսրայելը շահագրգռված չէ Իրանի հետ հակամարտության թեժացմամբ և Թեհրանին կոչ են արել նոր հարձակումներից զերծ մնալ:

Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Սիրիային ավիահարավծներից առաջ իշխանություններն այդ մասին իրազեկել են Ռուսաստանին: