«Սասնա ծռերը» պետք է անհապաղ ազատ արձակվեն և հետագայում արդարացվեն: Լրագրողի հետ զրույցում «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ ընթացակարգով պետք է ընթանա «Սասնա ծռերի» անդամների ազատ արձակումը:

«Խմբավորման անդամների խափանման միջոցը նախ պետք է անհապաղ փոխվի և նրանք պետք է ազատ արձակվեն: Հետագայում իրավական ճանապարհով գործի լուծումը բնականաբար կտրվի: Որպես առաջին քայլ այս փուլում որպես ապստամբներ, որպես քաղբանտարկյալներ խափանման միջոցը պետք է փոխվի: Ես կարծում եմ, որ Արտուշ Գաբրելյանը հաջորդ նիստին արդեն խափանման միջոցը փոխելու որոշումները ձեռքին պետք է գա դատարան, իսկ եթե դա չանի մենք ինքներս կներկայացնենք միջնորդությունները», - նշեց փաստաաբանը:

Նա ասաց, որ նույնիսկ մեղադրանք առաջադրող մարմինը լուրջ չի վերաբերվում «Սասնա ծռերին» առաջադրված մեղադրանքին.

«Գրեթե բոլորին կոլեկտիվ մեղադրանք է նախաքննական մարմինը առաջադրել, միայն 1-2 դեպք կա, որը բացառապես հիմնված է գուշակությունների և ենթադրությունների վրա՝ ոստիկանների մահվան հետ կապված: Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ «Սասնա ծռերի» անդամներին իրավապահների հսկողությանը հանձնելուց մեկ օր անց Սերժ Սարգսյանը խոսում էր անձնական վրեժխնդրության մասին և դա բոլորը գիտեին: Հիմա Սերժ Սարգսյանի իշխանությունը չէ, նրա հրամանը չկա և դատարանները ստիպված չեն իրենց պաշտոնը պահելու համար կատարել նրա հրահանգը և ընդամենը այս փուլում պետք է փոխել խափանման միջոցը»:

Փաստաբանի կարծիքով «Սասնա ծռերի» գործով պետք է գործի հիմքում դրվի գործողության իրականացման դրդապատճառը, այսինքն ինչո՞ւ են նրանք դիմել այդ քայլին:

«Սա իրավաքաղաքական գործ է և բացարձակ օբյեկտիվ քննություն է անհրաժեշտ իրականացնել և, ի վերջո, արդարացնել նրանց», - ասաց նա:

Նշենք, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով: