Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը: Բողոքի ակցիային ներկա են նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը:

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության մասնակիցները նշում են, որ քաղաքապետի ու նրա թիմի կողմից տարիներ շարունակ անտեսվել են քաղաքացիների կողմից ապօրինությունների բարձրաձայնումները, վկայությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են «ատկատների, ձևական տենդերների, քաղաքային բյուջեի մսխման, ինքնանպատակ տոնակատարությունների համար ծախսված հսկայական գումարների» մասին:

«Զավեշտալի է քաղաքապետի կողմից 1.5 մլն դրամով կոնյակի բաժակների ձեռք բերելը, մեկ բաժակի արժեքը կազմում է 100 հազար դրամ, 29 մլն դրամով կոնյակ գնելը», - թվարկեցին նրանք՝ հայտարարելով, սպասում են այդ թվերի վերաբերյալ քաղաքապետի կողմից պաշտոնական արձագանքին:

Նախաձեռնության անդամներից մեկի խոսքով, Երևանում բացակայում է ճարտարապետական քաղաքականությունը, «փոխարենն իրականացվում է բիզնես և կլանային շահեր հետապնդող անկանոն շինարարություն, Երևանում վերջին տարիներին հետևողականորեն իրականացվել է կանաչ տարածքների ոչնչացում ու սեփականաշնորհում:

Կանանց իրավունքները պաշտպանող ՀԿ անդամներն էլ ուշադրություն հրավիրեցին ավագանու անդամ ընդդիմադիր կանանց մասին հնչեցրած վիրավորանքների, բռնությունների, հայհոյանքների ու սպառնալիքների վրա:

«Պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլև շարունակեցին վարչական ռեպրեսիաները կանանց նկատմամբ», - նկատեց նա: