Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 144 շախմատիստ: Տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցաշարի մասնակիցների թվում են եղել Հայաստանի տղամադրկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 2016թ․-ի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանը: Տոնական մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:

5 շախմատիստ վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդը դարձել է Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Մրցաշարում հիանալի է հանդես եկել նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրերում տարել էր միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու Սարգսյանը պարտություն է կրել և գրավել միայն 11-րդ հորիզոնականը: