Փորձարկման համար ընտրվել է 700 մետր երկարությամբ ճանապարհահատված, որը բաց է մյուս ավտոմեքենաների երթևեկության համար:

Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը: Անվարորդ միկրոավտոբուսը խցիկներով ու ռադարներով գրանցում է ճանապարհի իրադրությունը, արձագանքում ճանապարհանշաններին, մյուս մեքենաների և հետիոտների գործողություններին: Փորձարկումների առաջին փուլում դրան թույլատրված է շարժվել ոչ ավելի, քան 15 կմ/ժամ արագությամբ: Անվարորդ մեքենայի գործողություններին հեռակառավարման համակարգի օգնությամբ հետևում է օպերատորը. արտակարգ դեպքերում նա կարող է կանգնեցնել միկրոավտոբուսը:

Այն մշակվել է տեղի վենչուրային ընկերություններից մեկի կողմից, որը մտադիր է հետագայում ստեղծել անվարորդ տաքսիների հավաքակազմ: Ենթադրվում է, որ մինչև գալիք տարվա մարտ համանման փորձարկումներ կանցկացվեն նաև Այթի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնի՝ ավելի քան 2 մլն բնակիչ ունեցող Նագոյա քաղաքի շատ ավելի բանուկ փողոցներում:

Ճապոնիայի իշխանություններն ընթացիկ ֆինանսական տարում շուրջ 2,85 տրլն իեն (մոտավորապես 25 մլրդ եվրո) են հատկացրել անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման և էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների նոր սերունդների ստեղծման համար: Սա բացարձակ ռեկորդ է նման մշակումների վարման ողջ ժամանակաշրջանում, որոնց աջակցում է երկրի կառավարությունը: Իշխանությունները հույս ունեն, որ մինչև 2030 թվականը Ճապոնիայի ճանապարհներին յուրաքանչյուր հինգերորդ ավտոմեքենան կերթևեկի, թեկուզև մասնակիորեն, առանց վարորդի մասնակցության: Սպասվում է, որ մինչև 2020 թվականն անվարորդ ավտոմեքենաները կթույլատրվեն երկրի առանձին շրջաններում, իսկ մինչև 2025 թվականը պլանավորվում է դրանցից ձևավորել լիարժեք ներքին շուկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: