Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը խոսեց գործող իշխանության կառավարման մասին, նշելով, որ թավշյա հեղափոխության ղեկավարությունը շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության վեկտորները որոշելիս։

«Սա մնում է քաղաքականություն, որ բոլոր պետությունների հետ պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն, բայց ինձ երկու պահ է շատ հուսադրում։ Մի քանի անգամ ասվել է հայաստանաբևեռ քաղաքականության մասին, ինչը նշանակում է, որ մյուս երկրների հետ հարաբերություններ զարգացնելիս առաջնայինը լինելու են այն խնդիրները, որ Հայաստանն այսօր պետք է դնի անկյան գագաթին», - ասաց նա։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այն կարծիքին է, որ մանևրելու շատ հնարավորություններ նոր վարչապետը չունի.

«ԵՏՄ, հայ-ռուսական շրջանակները դրված են։ Հայաստանի ապրանքները ԵՏՄ շրջանակներում 5-6 անգամ ետ էին ուղարկվում կամ ոչնչացվում էին։ Հայաստանի իշխանությունը պետական մակարդակով չէր բարձրացնում այդ հարցը, որովհետև լեգիտիմ չէր, կաշկանդված էր ռուսական օլիգարխիայի հետ կապերով։ Այսօր այդ հարցերը կարելի է բարձրացնել»։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին՝ եթե Հայաստանը Արևմուտքի հետ խորացնի հարաբերությունները, ապա Ռուսաստանն Արցախը կտա Ադրբեջանին, քննարկման մասնակից, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հակադարձեց՝ Ռուսաստանը կաշկանդված է և արդեն ընկալում է, որ տարածաշրջանային պետություն է, այլ ոչ թե՝ գերտերություն.

«Ռուսաստանը ևս կաշկանդված է հայ ժողովրդի կամքով և պետականության հրավերով: Արցախը, Ռոբերտ Քոչարյանի բառերով ասած՝ ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան Ադրբեջանին, դա համազգային և համապետական հարց է: Այնպես չէ, որ մեծ տերություններն էլ թույլ կտան Ռուսաստանին վերադասավորումներ անել: Սա պիտի բավարարի բոլոր կողմերին, նաև՝ աշխարհաքաղաքական կենտրոններին։ Ակնհայտ է, որ այսօր Արևմուտքը թույլ չի տա Ռուսաստանին՝ իր դիրքերն ուժեղացնել Հարավային Կովկասում»: