ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ մշակույթի նախարարությունում և պետբյուջեի միջոցների վատնման բազմաթիվ փաստեր հայտնաբերել։

Տեսչության հաշվետվության համաձայն՝ մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացված գումարների հաշվին վճարվել են կատարողի գրասենյակի վարձակալության վճարները, որպես տրանսպորտային ծախսեր ներկայացվել է կատարողի կողմից ամբողջ տարին տաքսի ծառայությունից օգտվելու, անհատ անձանցից ավտոմեքենաներ վարձակալելու, բենզին ձեռք բերելու և միջոցառման հետ կապ չունեցող այլ ծախսեր: ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով, առանց ՀՀ վարչապետի որոշումների՝ նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի և տեղակալների) մեկնել են արտասահման գործուղումների, որոնց վճարված գործուղման գումարը կազմել է 33 մլն 411.6 հազար դրամ:

Բազմաթիվ մշակութային միջոցառումների գծով պայմանագրերի կատարման ժամկետներն ավարտվել են, սակայն կատարողների կողմից ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելու կամ առանց պատշաճ փաստաթղթերի հիմնավորումներ ներկայացնելու արդյունքում վճարված 335 մլն 801.7 հազար դրամը թողնվել է՝ որպես դեբիտորական պարտք:

«Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի գծով արձանագրվել են կատարողական ակտերով ներկայացված պետբյուջեից ֆինանսավորված, սակայն փաստացի պակաս կատարված աշխատանքներ:

Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի, պայմանագրերի, կատարողական ակտերի փաստաթղթային ստուգմամբ արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից կապալառուներին ավելի վճարման փաստեր: Մասնավորապես, կատարողական ակտերով քարային աշխատանքներում օգտագործված քարի տեսակը հաշվարկվել է՝ որպես անդեզիտ բազալտ, սակայն աշխատանքներն իրականացվել են ավելի ցածրարժեք` տուֆ քարով: Օգտագործված քարի արժեքը ճիշտ չհաշվարկելու արդյունքում կատարողականների գումարն էականորեն թանկացվել է: Նախագծով և պայմանագրերով եկեղեցու վեղարի բարդ պրոֆիլավոր քարերի տաշի և շարի աշխատանքների մակերեսն առանց հիմնավորումների հաշվարկվել է տաշած քարի տաշվածքի մակերեսի չափից, արդյունքում ավելի է հաշվարկվել 18.6 քմ գումարով 2 մլն 799.4 հազար դրամ, և այլն։

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցառումների անցկացման համար հատկացված գումարների ծախսման ընթացքում հաշվետվություններում ավելի ծախսեր են ներկայացվել, ֆինանսավորվել են այնպիսի ծախսեր, որոնք որևէ իրավական ակտով նախատեսված չեն և հաշվարկներով չեն հիմնավորվել, թույլ են տրվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին մշակութային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների հավելագրումներ:

Փաստացի ծախսերի համեմատությամբ պետբյուջեից ավելի ֆինանսավորումների փաստեր են բացահայտվել նաև «Գրադարանային ծառայություններ», «Թանգարանային ծառայություններ», «Թատերական ներկայացումներ» և «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ծրագրերի գծով։

«Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» և «Երևանի պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ները նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունները թերի են մատուցել` սովորողների փաստացի թիվը պակաս է եղել պայմանագրերով նախատեսված թվից: Նշվածի արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեից ավելի ֆինանսավորված գումարը կազմում է 591 հազար դրամ:

«Էներգետիկ ծառայություններ» հոդվածով նախարարի աշխատակազմում տարիներ շարունակ նախատեսված գումարները բացարձակապես չեն ծախսվել, նախարարության աշխատակազմում ծախսվել է նախատեսված գումարի 50%-ը: «Կապի ծառայություններ» հոդվածով տնտեսումները կազմել են մինչև 62%:

Անտեսվել են «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները և «Գրասենյակային նյութեր և հագուստ», «Կենցաղային և հանրային նյութեր» հոդվածներով ձեռք բերված նյութերը առանց փաստացի ծախսերի մասին փաստաթղթերի առկայության ձևակերպվել են ծախսերով:

«Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրով մեկ դեպքով պաշտոնական պատվիրակության հյուրերի թվի՝ 89 անձ, համեմատությամբ՝ ճաշկերույթին մասնակցած անձանց թիվը հաշվետությամբ ներկայացվել է գրեթե 2 անգամ ավելի՝ 170 անձ: Մեկ այլ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված մեկ անձի համար սահմանված մինչև 12500.0 դրամի փոխարեն՝ պաշտոնական ճաշկերույթի համար մեկ անձի հաշվով վճարվել է 25500 դրամ կամ կրկնակի ավելի: Արդյունքում ավելի գումար է վճարվել 1 մլն 755.0 հազար դրամի չափով:

ՖՆ տեսչությունն իր հաշվետվությունում մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ թերությունները վերացնելու ուղղությամբ, նաև առաջարկել ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջե: