Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։

Մաեստրո Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։ Վերջինս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ կոնցերտմայստերն էր, ով հեղինակավոր այս կոլեկտիվում 12 տարի նվագելուց հետո սկսեց մենակատարի իր կարիերան։ Այժմ նա հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ ու հեղինակավոր բեմերում։

Համերգը կկայանա բալթյան հնագույն կառույցներից մեկում՝ Ռիգայի Great Guild միջնադարյան շինության դահլիճում։