Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, այսօր՝ մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն ներկա գտնվելու:

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մայիսի 12-ին Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը, անդրադառնալով Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը, նշել էր, թե չի կարծում, որ երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն:

«Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ», - նշել է Ուշակովը:

Նշենք, որ Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում: Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն և ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ:

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, և այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբևէ, և ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում»: