«Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Ամանորի սեղանի ծախսերի մասին, ասաց, որ դա հիմնականում կախված է նրանից, թե քաղաքացիները որքան հյուր են նախատեսել ընդունել:

«Հաշվարկները չի կարող բոլորի վրա տարածվել, քանի որ ընտանիքներ կան, որ նախատեսում են ընդունել 15, 30, 40 կամ 50 հյուր: Այդ պատճառով մենք միջինացված ցուցանիշ ենք վերցնում` 30-40-ը: Այսինքն` տան անդամները և հյուրերը իրար հետ չեն գերազանցում 40-ը»,- ասաց նա և նշեց, որ որոշակի ապրանքներ կան, որոնք էական ազդեցություն են ունենում ընդհանուր ծախսվող գների վրա և չի բացառվում, որ մարդիկ ալկոհոլային խմիչքների այնպիսի տեսականի ընտրեն, որ միջինից երեք անգամ գերազանցի ծախսերը:

«Թեև մոնիթորինգը դեռ չենք ավարտել, բայց նախորդ տարիների համեմատ կարող եմ ասել, որ առաջնային ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով: Հիմնականում այն ապրանքները, որոնք 15%-ով չեն թանկացել, ընդհանուր գումարի մեջ ցածր տեսակարար կշիռ են կազմում, այսինքն՝ ամանորյա ծախսերի հիմնական բաժնի ծավալի թանկացումը եղել է շատ ավելի բարձր տոկոս»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ կան մարդիկ, որ Ամանորի սեղանի համար ծախսում են 250 000 դրամից 750 000 հազար դրամ, այսինքն՝ միջինը ծախսում են 400 հազար դրամ: Նա նշեց, որ գումարի հիմնական տեսակարար կշիռը բաժին է հասնում մսամթերքին և խմիչքներին: