Երևանի քաղաքացիները ավտոերթ են իրականացնում՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի
Երևանի փողոցներով քաղաքացիները ավտոերթ են իրականացնում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով։
Երթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից, որտեղ ցուցարարները կոչ արեցին ավագանու բոլոր խմբակցություններին հրաժարական տալ և ավագանու նոր ընտրություններ անցկացնել։
«Միլիոնների մեջ մի ծառ են տնկում, սաղ օրը երեսով են տալիս», - լրագրողի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը՝ շարունակելով. - «Եթե լինի արդար, ժողովրդի կողմից՝ երևանցու կողմից ընտրված իշխանություն, բնական է, նրանք այդ բոլոր միջոցները ոչ միայն արդյունավետ կկառավարեն, կծախսեն, այլև կհասկանան, որ պատասխանատու են, իսկ հիմա Երևանի քաղաքապետարանը բացարձակ ոչ մի գերատեսչության, վերահսկողական ծառայության առաջ ոչ մի պատասխանատվություն չի կրում, ես դա կարող եմ փաստել, որպես չորս տարվա ավագանի, որը գործել է քաղաքապետարանում»։ Հայտնում է «Ազատություն»-ը։