Հայաստանի էլեկտրական Ցանցեր ընկերության Գեղամա մասնաճյուղի աշխատակիցները Հրազդանում գործադուլ են արել՝ իրենց դժգոհությունը հայտնելով աշխատավարձերի, հավելավճարների, պարգևավճարների կրճատումից և տնօրինության վատ վերաբերմունքից:

ՀԷՑ-ի աշխատակիցները նշել են, որ մասնաճյուղի ղեկավարության կողմից խախտվում են իրենց գրեթե բոլոր իրավունքները, ղեկավարությունը հաշվի չի նստում շարքային աշխատակիցների խնդիրների ու շահերի հետ.

«Ամեն ինչ նորմալ էր մեր հիմնարկում, աշխատում և վարձատրվում էինք նորմալ, բայց հետո մեր աշխատավարձերը բարձրանալու փոխարեն կտրուկ նվազեցին, պրեմիաներն էլ հետը: Մեր աշխատանքն այնպիսին է, որ գիշեր-ցերեկ, շաբաթ-կիրակի, միշտ աշխատում ենք, մի տեղ մի վթար, պիտի գնանք, լուծենք ու չէ որ դրա դիմաց նաև պիտի վարձատրվենք արտաժամյա, բայց ոչ մի բան: Աշխատավարձերն էլ են նվազել: Ես առաջ ստանում էի 180 000 դրամ, հիմա 130 000 է դարձել: Դեռ ես ինժեներ եմ, մի քիչ բարձր է, շոֆերներինը սկի 100 000 էլ չի: Դե ասեք, դրանով ո՞նց տուն պահենք: Մեզ ոչ ոք չի ուզում լսել, մեր խնդիրների հետ ոչ ոք չի ուզում հաշվի նստել: Մենք էլ որոշել ենք այս անգամ էլ այսպես բարձրաձայնենք», - նշել են աշխատակիցները, փոխանցում է news.am-ը։

Նրանց հավաստմամբ, իրենց խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ փորձել են խոսել տնօրենի հետ, բայց ապարդյուն։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցներին նախ մոտեցել է մասնաճյուղի տնօրեն Կարմեն Մնացականյանը, ով հորդորել է անցնել աշխատանքի՝ խոստանալով նրանց խնդիրները քննարկել և ներկայացնել գլխամաս, սակայն աշխատակիցներից ոչ ոք տեղից չի շարժվել: Որոշ ժամանակ անց ցուցարարների հետ հանդիպել է ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանը և լսել վերջիններիս բազմաթիվ ու բազմաբովանդակ դժգոհությունները։ Այնուհետև խոստացել, որ խնդիրները կլուծվեն։

Ընկերության տնօրենի հեռանալուց հետո աշխատակիցները նշեցին, որ երկու օր կսպասեն, բայց եթե իրենց խնդիրներին լուծում չտրվի, կրկին գործադուլ կանեն, այս անգամ ավելի մեծ մաշտաբներով:

Նշենք, որ ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղը սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը: