Հայաստանում սրտի գործիքային հետազոտության հայ-ֆրանսիական դպրոց կբացվի
Ֆրանսիայից ժամանած մասնագետները Երևանում կայացած գիտաժողովի ժամանակ պատմել են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ոլորտում ԿՏ ու ՄՌՏ անգիոգրաֆիայի դերի մասին։
Գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Էրեբունի» ԲԿ սրտաբանական ու սրտանոթային վիրաբուժական ծառայության հարցերով տնօրեն, Հայաստանի ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն ասել է, որ ԿՏ ու ՄՌՏ- անգիոգրաֆիան ոչ ինվազիվ հետազոտություն է, առանց արյան․
«Նույն տեղեկություններն է մեզ տալիս կորոնարոգրաֆիան, բայց այն արվում է արյան հոսքի միջոցով։ Երբեմն դրա անհրաժեշտությունը չի լինում կամ լինում են հակացուցումներ տվյալ մեթոդի գործածման համար, ու այդ դեպքում նախընտրելի են այս մեթոդները», - ասել է նա։ Փոխանցում է news.am-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ԿՏ ու ՄՌՏ-ն քիչ է գործածվում սրտի հիվանդությունների հետազոտության համար, ու մեր մասնագետները տվյալ ոլորտում քիչ փորձ ունեն։ Հենց այդ պատճառով էլ Փարիզից Երեւան է հրավիրվել կարդիովասկուլյար ռադիոլոգ Արշիդ Ազարինը, որը «Նաիրի» ԲԿ-ում արդեն խորհրդատվություն է տրամադրել մոտ 30 հիվանդների ու բուժկենտրոնի բժիշկներին ծանոթացրել այդ ոլորտի նոր ուղեցույցների հետ։
Հայաստանի գլխավոր սրտաբանի խոսքով՝ ֆրանսիացի բժիշկների հետ համագործակցությունը տևական բնույթ է ունենալու։ Գիտաժողովի ավարտից հետո նա կհայտարարի Հայաստանում սրտի գործիքային հետազոտության հայ- ֆրանսիական դպրոց ստեղծելու մտադրության մասին, որտեղ դասավանդելու են թե տեղի մասնագետները, թե Ֆրանսիայից հրավիրված բժիշկները։