Իսրայելցի պատգամավոր Իցիկ Շմուլին «Սիոնիստական ճամբար» քաղաքական ալյանսից մայիսի 16-ին Քնեսեթի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը:

Օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, գրում է The Jerusalem Post-ը:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպատան բացումից ժամեր առաջ բողոքի ակցիաներ մեկնարկեցին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների, մայիսի 14-ի երեկոյան անկարգությունների հետևանքով առնվազն 58 պաղեստինցնի է զոհվել, ևս 2700-ը՝ վիրավորվել: Ըստ ականատեսների, որոշ վայրերում պաղեստինցիները փորձել են կտրել պատնեշներն ու անցնել Իսրայելի տարածք: Իսրայելցի զինվորները կրակել են բողոքի ցույցերի մասնակիցների վրա:

Ըստ Շմուլիի, մինչ օրս Իսրայելը խուսափում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, չնայած որ այդ պատմական փաստն արդեն 29 երկիր ճանաչել է:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում «ցեղասպանություն» էր անվանել:

Նման օրինագիծ էր պատրաստել նաև «Լիկուդից» ընտրված պատգամավոր Ամիր Օհանը: