ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ժողովրդավար Արցախը երբեք ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Փոխանցում է ՊանԱրմենիան-ը։

Հիշեցնենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում` ընդգծելով.

«Արցախի ժողովուրդն այդպես է պատկերացնում իր ապագան՝ անկախ և ժողովրդավար. դրան այլընտրանք չի կարող լինել»:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա ընդգծել է, որ Ճապոնիան կողմնակից է այդ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Էյջի Տագուչին նշել է, որ իր երկրի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ ներդրումային համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ ՀՀ խորհրդարանը ևս այն սեղմ ժամկետներում կվավերացնի:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար՝ հորդորելով դեսպանին այդ հարցում կրկնակի ակտիվությամբ համագործակցել կառավարության հետ: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն է, որի վառ ապացույցը Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն էին, երբ ոստիկանությունն ու ցուցարարները միմյանց նկատմամբ հանդուրժող ու հարգալից պահվածք դրսևորեցին: