«Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Երևանի 2800-ամյակի այգու և քաղաքապետարանի մոտ ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում։

Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, որ բարեկարգման նպատակով փակված այգում ուռենիներ են հատվել։ Ցուցարարներն այսօր հեռացրեցին ցանկապատը, որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչ է կատարվում այգու ներսում։ Թեև քաղաքապետարանը հայտարարել էր, որ բարեկարգման արդյունքում ծառեր չեն հատվելու, շատրվաններ են կառուցվելու, սակայն հիմա այգու միջնամասում գրեթե ծառեր չկան։

«Մենք այսօր քողազերծում ենք Տարոն Մարգարյանի հովանավորչության ներքո կատարված հանցագործությունը։ Կոչ եմ անում ոստիկաններին, նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ գալ քաղաքապետարան և ձերբակալել Տարոն Մարգարյանին», - ասաց ցուցարարներից մեկը։

Ցուցարարների հետ հանդիպման դուրս եկած Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հայտարարեց.

«Նախագիծը համաձայնեցված է, բոլոր հարցերի պատասխանները եղել են մասնագիտական քայլերով, որևէ մեկը ինքնագործունեություն, վստահաբար, չի կատարել, ամբողջը եղել է համաձայնեցված և մասնագիտացված քայլերով»։

Նշենք, որ այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարան մուտք գործած ցուցարարների հետ հանդիպման իջավ քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը: Հրմշտոց էր սկսվել ցուցարարների և քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցների միջև:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն և որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: