ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվելու Հայաստանի պատվիրակությունը:

Աստանա կմեկնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ըստ վարչապետի որոշման, նրա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն պետական բյուջեով կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Աստանա են մեկնելու նաև Արմեն Ղևոնդյանն ու Անի Բադալյանը: Նրանց գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի, ինչպես նաև Չինաստանի միջև համաձայնագիրը նախատեսվում է կնքել մայիսի 17-ին Աստանայում: ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: Չինաստանի հետ կա պայմանավորվածություն լայնածավալ և ոլորտային գործակցության վերաբերյալ:

ԵՏՄ կողմից համաձայնագիրը ստորագրելու է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: