Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 16-ին մեկուկես ամիս ընդհատումից հետո շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատական նիստը: Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատական նիստերը հիմնականում չեն կայացել ճանապարհների փակ լինելու հետևանքով:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը հիշեցրեց, որ նախորդ՝ չկայացած դատական նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, դատարանն արձանագրել է, որ դա միջնորդություն է և խոստացել անդրադառնալ դրան:

Սասնա Ծռեր խմբի անդամ, ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը դիմում է ներկայացրել, որում նշել է՝ ցանկանում է խոսքի ազատության իր իրավունքից օգտվել և մինչև մայիսի 22-ը աշխատանքային որևէ օր Արմավիր ՔԿՀ-ում մամուլի ասուլիս կազմակերպել: Նա խնդրել է դրա մասին իրեն առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել: Սակայն հաշվի առնելով, որ տեսակցությունների և ԶԼՄ-ների հետ հանդիպման սահմանափակում կա, վերացվել է միայն մերձավոր ազգականների տեսակցելու արգելքը, նշվել է, որ այս հարցին հնարավոր է անդրադառնալ միայն վարույթ իրականացնող մարմնի կողմից այդ արգելանքը վերացնելուց հետո:

Վարուժան Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստերի դահլիճում ընդմիջման ժամին մամուլի ասուլիս կազմակերպելու մասին: Դատախազն արձագանքեց, որ նման ընթացակարգ գոյություն չունի:

Դատարանը միջնորդությունը համարեց անհիմն և մերժեց:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ Վարուժան Ավետիսյանի ու Արայիկ Խանդոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու մասին: Դատավորը հայտնեց, որ այդ հարցին նախկինում էլ են անդրադարձել, ապա խնդրեց նշել՝ ինչ իրավական հիմք է փոխվել՝ հարցը կրկին քննարկելու համար: Պապիկյանն արձագանքեց, որ մինչ այժմ որևէ դատավոր այդ միջնորդությունը չի քննել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս միացավ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությանը: Նա իր միջնորդությունը հիմնավորեց նշելով, որ վերացել է ռիսկը, այլևս հիմք չկա մտածելու, թե Սասնա ծռերը պայքարելու են արդեն նախկին իշխանության դեմ: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները:

Պավել Մանուկյանը նշեց, որ անհիմն է կարծել, թե ազատության մեջ հայտնվելով` ինքը կարող է փախուստի դիմել: Նա ասաց. «Ես իմ ժողովրդին եմ նվիրել իմ ժպիտից, որ նա ժպտա, նվիրել եմ իմ ոտքից, որ նա երբեք չկաղա»:

Մանուկյանը նշեց, որ իր պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ներկայացնելիս պատահական չէ, որ գրավի մասին չխոսեց, քանի որ ինքը չի կարող անհրաժեշտ գումարը վճարել: Նաև հավելեց` կալանավայրից դուրս կգա վերջում` միայն իր ընկերներից հետո:

Մեղադրող դատախազը նշեց, որ խափանման միջոցների օրինականությունն ու հիմնավորվածությունը փաստվել է մինչդատական վարույթի ընթացքում և դատական քննության փուլում` մի շարք օրինական որոշումներով: Նրա գնահատմամբ` միջնորդության հիմնավորումները որևէ իրավական հենք չունեն, ուստի մեղադրանքի կողմը կարծում է, որ ենթակա են մերժման:

Դահլիճից դատական նիստին հետևողները որոշեցին բոյկոտել դատախազի ելույթը բարձր աղմկելով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշումը հրապարակվեց ժամը 16:00-ին: Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով տասը ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց նաև դատական սանկցիա՝ առանց թույլտվության դատական նիստը լքելու համար։