Մայիսի 15-ին Լիտվայի Կլայպեդա քաղաքի «Սիմոնայտիտեսի» անվան հանրային գրադարանում Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի աջակցությամբ տեղի ունեցավ «Սումգայիթ 30» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրատվամիջոցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Կլայպեդայի «Վան» հայկական համայնքի ղեկավար Ալբերտ Ալբերտյանը, ով անդրադարձավ Սումգայիթյան իրադարձություններին և նշեց, որ Ադրբեջան պետությունը, ունենալով ընդամենը 100 տարվա պատմություն, իր ազգային ինքնության հիմքում դրել է հայատյացությունը: Անդրադարնալով պետկան մակարդակով իրականացվող այդ քաղաքականությանը՝ Ալբերտ Ալբերտյանը նշեց, որ այն շարունակվում է առ այսօր, ինչի վառ վկայություններից մեկը 1988թ. Սումգայիթյան սպանդն է, ինչպես նաև՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի սաձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված ռազմական հանցագործությունները:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Լիտվայի զինված ուժերի ներկայացուցիչ Սաուլիուս Պալիուլիսին, ով 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովից փրկել էր մյուս հայ զինվորականի՝ Հայք Մակուչյանի կյանքը:

Դեսպան Մկրտչյանն այժմ արդեն Կլայպեդայի քաղաքապետարանի աշխատակից՝ նախկին զինվորական Սաուլիուս Պալիուլիսին փոխանցեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալը՝ հայ զինվորական Հայք Մակուչյանի կյանքին սպառնացող հանգամանքներում ցուցաբերած հերոսական աջակցության համար։