Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը ազատվել է աշխատանքից
Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա, ամփոփելով իր պաշտոնավարման երրորդ օրը, մասնավորապես, գրել է.
«Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ: Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:
Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը: Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին»:
Աշխատանքից ազատվել են նաև Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը և աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: