Կառավարության որոշմամբ, Ստեփան Մնացականյանը վեց տարի ժամկետով վերանշանակվեց ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի ղեկավար։ Այս մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որ գնում են այն ուղղությամբ, որ ԱՎԾ-ի նախագահն ու անդամները վերանշանակվեն իրենց պաշտոններում, որպեսզի կարողանան ապահովել «այս նուրբ համակարգի գործունեության շարունակականությունը»։

«Մենք պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի վիճակագրության կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար։ Ըստ էության, և գործող օրենսդրությունը, և տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել։ Այսինքն՝ Կառավարության փոփոխությունից հետո վիճակագրական կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել այդ իրավիճակը, որպեսզի բալանսավորված լինի և ապահովենք կոմիտեի լիարժեք անկախությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։