Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին, ինչպես նաև մտածենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել.

«Առնվազն պետք է այդ պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են։ Մենք պետք է ընդհանրապես փոխենք մեր վերաբերմունքը»։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու արդարադատության նախարարին առաջարկեց քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ: