ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հանրապետության տարածքում ընթացող բոլոր բողոքի ցույցերի մասնակիցներին դադարեցնել ակցիաները։ Այս մասին է հայտարարել ինքը Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նա պնդել է, որ հեղափոխության ժամանակ ակցիաները պայմանավորված էին, նրանով, որ ՀՀ-ում չկար իշխանություն, որն ի վիճակի է պաշտպանել իրենց իրավունքները։

«Հիմա, երբ ժողովրդի մանդատով իշխանություն է հաստատված, առանձնապես հասկանալի չէ, որ մենք ամենօրյա ռեժիմով փակում ենք ճանապարհներ ու անհնազանդության գործողություն ենք իրականացնում․․․ Տրամաբանական խնդիր կա․․․ ու՞մ ենք անհնազանդություն արտահայտում, ինքներս մե՞զ», - ասել է նա։

Նա ասել է, որ լուրջ չի վերաբերվում խոսակցություններին, իբր ցույցերը ՀՀԿ կողմից սաբոտաժ են և այլն։ Նշելով, որ կոչ է անում ժամը 15։00-ից դադարեցնել բոլոր ակցիաները, Փաշինյանը հորդորել է բոլորին ցանկացած խնդրի վերաբերյալ հստակ, գրավոր ձևով իրենց ձևակերպել նամակ, ինչից հետո 2 հասցեով՝ տարածքային կառավարման նախարարություն ու կառավարության նամակների ու քաղաքացիների ընդունելության բաժին ուղարկել դրանք։

«Մենք վերցնելու ենք բոլոր նամակները, կազմենք առաջնահերթություն, օրակարգ, ու կետ-կետ անցնելու ենք բոլոր հարցերով», - նշել է նա։

Փաշինյանը առանձնացրել է, որ նույնը վերաբերվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակցիաներին, որի շուրջ իշխանությունը կհայտնի նաև «թավշյա» հեղափոխության դիրքորոշումը։