Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Այս մասին հայտնում է թուրքական Evrensel պարբերականը:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական Horizon Weekly պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է․

«Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»:

Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդիրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն: Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջագրում ասվում է․

«Նա հրապարակայնորեն նվաստացրել է Թուրքիայի Հանրապետությունն ու Թուրքիայի կառավարությունը, վիրավորել է հանրապետության նախագահին»:

Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածը ենթադրում է, որ հանցանք գործած պատգամավորը չի կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ կալանավորվել առանց մեջլիսի համապատասխան որոշման: Հետևաբար, դատախազությունը պետք է հատուկ դիմում ուղարկի Թուրքիայի արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջինն էլ դիմի մեջլիսի նախագահությանը: Այնուհետև հարցը քննարկման է դրվում հատուկ հանձնաժողովում, որի կազմում են մեջլիսի սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո պատրաստում է համապատասխան զեկույց, որը վերջնական քվեարկության է դրվում մեջլիսի նիստի ժամանակ:

Պատգամավորներն իրավունք ունեն ինչպես հանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստի ժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում նրանք կարող են հարցը բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածըենթադրում է քրեականպատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին:

Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը։