Կենսաթոշակ նշանակելու կարգ, ժամկետներ,  գործընթացին վերաբերող վիճահարույց հարցեր, Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում  այս թեմաների շուրջ է խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պայմաններն, ըստ պաշտոնյայի,  երկուսն են՝   աշխատանքային ստաժ և տարիք: Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք անձը ձեռք է բերում 63 տարեկանում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, իսկ եթե անձը չի աշխատում, ապա նա իր իրավունքը կարող է իրացնել 1 տարի շուտ՝ 62 տարեկանում, բայց այդ դեպքում նա պետք է ունենա 35 տարվա աշխատանքային ստաժ: Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, քանի որ մասնակի գործունակություն քաղաքացին ձեռք է բերում հենց այդ տարիքից:

Խոսելով կենսաթոշակ նշանակելու ժամկետների և սահմանափակումների  մասին՝ Անահիտ Գալստյանը նշել է, որ քաղաքացին իր կենսաթոշակի իրավունքը կարող է իրացնել տարիքը լրանալուց հետո ցանկացած պահի՝ միաժամանակ խորհուրդ տալով քաղաքացիներին դիմել 63 տարին լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, որպեսզի կենսաթոշակը նշանակվի հենց ծննդյան օրվանից»,-ընդգծել է վարչության պետը:

Բանախոսը նշեց նաև, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս 1 տարվա համար 1 տարուց ավել ժամանակահատված չի հաշվարկվում։ Յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ստաժին գումարվում է 2 տարի, բայց ոչ ավել, քան 6 տարի: Ինչ վերաբերում է ուսման ժամանակահատվածին, ապա այդ ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է՝ ոչ ավել, քան 6 տարի,  հեռակա և երեկոյան ուսուցման դեպքում այդ տարիները աշխատանքային ստաժում չեն հաշվառվում»:

Կենսաթոշակ նշանակելիս արխիվային փաստաթղթեր ներկայացնելու հետ կապված, Անահիտ Գալստյանը նշել  է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը արդեն այս տարվանից թույլ է տալիս, որպեսզի քաղաքացիներից արխիվային փաստաթղթեր չպահանջվեն. «Այժմ արխիվային հարցումները կատարում է  կենսաթոշակ նշանակող մարմինը, և կենսաթոշակը նշանակվում է ոչ թե պատասխանները ստանալուց հետո, այլ քաղաքացու դիմելու օրվանից»,-ընդգծել  է բանախոսը: