Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ ոլորտի որոշ ծրագրերի:

Դեղատոմսերի հարցը, ըստ նրա, դեռ քննարկվում է.

«Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով լինի, հավանաբար հուլիսի 1-ից և աշնանից մտնող ցանկերի մասով երկարացում կլինի 1 տարով։ Անտիբիոտիկների և հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են, որ թողնեն ուժի մեջ, քանի որ դա ավելի լուրջ խնդիր է»։

Էլեկտրոնային առողջապահության համակարգով կատարվում են բոլոր պետական ֆինանսավորումները և սոցփաթեթի ֆինանսավորումները։ Ա. Թորոսյանի խոսքով՝ համակարգն աշխատում է ֆինանսական մասով.

«Վստահ եմ, որ պետք է աշխատի այդ մասով, և փոփոխություն չի լինելու։ Դա չի վերաբերում բժշկական անձնակազմի կողմից մուտքագրումներին, դա պետք է մնա, քանի որ կլինեն համակարգային կորուստներ, եթե փոխենք։ Կլինիկական մասով ներդրումը, երբ բժիշկները պետք է սկսեն մուտքագրել, քննարկվում է նպատակահարմարությունը, քանի որ բազմաթիվ օբյեկտիվ դժգոհություններ կան»։

Պետպատվերի ծրագրերով ֆինանսավորման հարցը նույնպես վերանայվելու է։ Սակայն խնդիր կա՝ բյուջեն արդեն բաշխված է հունվար-փետրվար ամիսներին.

«Կարող են լինել շատ փոքր վերաբաշխումներ դեռևս չբաշխված կամ տնտեսված գումարներից, որոնց դեպքում լիովին այլ մոտեցում է լինելու»։