Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստացել 55 աշխատակից, իսկ 20:30-ի դրությամբ՝ 60 աշխատակից: Նրանք գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից: