«Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի միայն արդարացման պարագայում». պաշտպան
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խոսել է պաշտպանյալի ազատման պայմանների մասին․
«Շանթ Հարությունյանը համաձայն կլինի ազատ արձակվել միայն արդարացման պարագայում», - փոխանցում է news.am-ը։
Նա նշեց, որ որևէ այլ պարագայում Շանթ Հարությունյանը չի ցանկանում ազատ արձակվել։ Հարությունյանը ինչպես նախորդ, այնպես էլ նոր Կառավարության պայմաններում արդարացում է պահանջում, քանի որ գտնում է, որ ինքը հանցագործություն չի կատարել։
Հիշեցնենք, որ 2013թ․-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։
Նշենք, որ այս պահին բանտում է գտնվում միայն Շանթ Հարությունյանը, օրերս նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի ռեժիմը փոխվել էր և ՔԿՀ-ն նրանց 1 ամիս ժամկետով սոցիալական արձակուրդ էր տվել։