Ալեքսեյ Կուդրինը առաջադրվել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին այսօր առաջադրել է Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի` Պետդումայի մամուլի ծառայությունը:
Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարները Կուդրինի հնարավոր առաջադրման մասին խոսել էին անցած շաբաթվա սկզբին: Նշենք, որ Ռուսաստանի Հաշվիչ պալատը լայն լիազորություններով օժտված մարմին է, որի հիմնական գործառույթը բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը ստուգելն է:
Նշանակման դեպքում Ալեքսեյ Կուդրինը պետական համակարգ կվերադառնա գրեթե 7 տարի տևած դադարից հետո: Վերջին տարիներին Կուդրինը զբաղեցնում էր Մոսկվայում գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» ղեկավարի պաշտոնը: