«Ելք» խմբակցության 2 պատգամավորներ միջնորդել են, որ փոխվի Սամվել Բաբայանի խափանման միջոցը
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշել է Սամվել Բաբայանի աջակիցներից, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Նա նշեց, որ միջնորդությունն այս պահին իր ձեռքում է և այսօր այն կներկայացնի վճռաբեկ դատարան: Նա ընթերցեց երաշխավորագիրը, որում, մասնավորապես, ասվում է.
«Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ վերջինս մինչև գործի վերջնական ավարտը թույլ չի տա որևէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան»:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները, նաև քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն է կոչով հանդես եկել, որ 2 ամիս ժամանակ է պետք տալ նոր կառավարությանը, Անդրանիկ Թևանյանը արձագանքեց.
«Այս գործողությունները աջակցություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեր պահանջը վճռաբեկ դատարանից է, որը մեր կարծիքով ձգձգում է գործընթացը»:
Նշենք, որ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել, որը մեկնարկել էր ուրբաթ օրը։ Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել էին Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գևորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներ: Նրանք պաստառներով փակել էին դատախազության շենքի գլխավոր մուտքը և մյուս մուտքերը՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք: Սամվել Բաբայանի աջակիցներից «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ և այս ակցիան նաև պահանջ է, որ ընդունեն վարույթ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: