2017 թվականին աշխարհում զոհված լրագրողների թիվը կազմել է 65, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ: Դա հետևում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցից, որը դեկտեմբերի 19-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

«2017 թվականին աշխարհում զոհվել է 65 լրագրող, նրանցից 26-ը՝ իրենց պարտականությունները կատարելիս, նրանք դարձել են մահացու վտանգավոր իրավիճակների զոհեր, ինչպիսիք են ավիահարվածները կամ ահաբեկչական գործողությունները: Մնացած 39-ը սպանվել են, քանի որ նրանց նյութերը սպառնում էին քաղաքական, տնտեսական կամ հանցավոր այս կամ այն շահերին:-ասված է զեկույցում:- Այս տարի, այնուամենայնիվ, զոհված լրագրողների թվաքանակի 18 տոկոսով նվազում է դիտվում անցյալ տարվա համեմատությամբ (79)»:

Կազմակերպության փորձագետների կարծիքով, այս տարի ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրներն են դարձել Սիրիան (12 զոհված) և Մեքսիկան (11 զոհված): Վարկանիշում նրանց հաջորդում են Աֆղանստանը և Իրաքը, որտեղ անցյալ տարվա ընթացքում զոհվել են համապատասխանաբար ինը և ութ լրագրողներ:

Նաև նշվում է, որ ԶԼՄ-ների 326 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, մինչև 54 մարդ պատանդ է պահվում, իսկ երկուսն անհայտ կորած են համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: