Մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը
Մայիսի 21-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է դատական կարգադրիչների վերապատրաստումը:
2018թ․-ի մայիս-օգոստոս ամիսներին նախատեսվում է անցկացնել վերապատրաստում 10 խմբի՝ ընդհանուր թվով 264 դատական կարգադրիչի համար: Առաջին խմբում ընդգրկված է 25 կարգադրիչ:
Դատական կարգադրիչների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Ծրագիրն ուղղված է դատական կարգադրիչների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, վարքաբանության, առաջին բուժական և հոգեբանական օգնության, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ոլորտներում:
Դատական կարգադրիչների վերապատրաստման տեսական մասն անցկացվում է Արդարադատության ակադեմիայում, իսկ գործնականը՝ հրազենի և հատուկ միջոցների գործադրման հմտությունները՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Յուրաքանչյուր խմբի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն ավարտվում է վերապատրաստման արդյունքների գնահատմամբ՝ միասնական բանավոր քննությամբ և հմտությունների գործնական ստուգման եղանակով: