Մայիսի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ: Ծրագրի այս մասը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ և ԵԽ կողմից «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, և իրականացնում է Եվրոպայի Խորհուրդը: Մասնակցում էին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 27 դատավոր: Քննարկմանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը: Բանախոսներն էին՝ ԵԽ փորձագետներ Սերգեյ Մեղրյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Գոռ Հակոբյանը (ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր), Տարոն Նազարյանը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր):

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ԵԽ ծրագրի շրջանակներում նման քննարկում անցկացվել էր նաև ապրիլին, որին մասնակցում էր դատավորների մեկ այլ խումբ: Նախատեսվում է առաջիկայում նման քննարկումներ կազմակերպել նաև քաղաքացիական գործեր քննող մյուս դատավորների համար: