ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Արդարադատության ակադեմիայում դասավանդելու համար մշակվել են առարկայական նոր դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)», «Կալանք և այլընտրանքային խափանման միջոցներ», «Գենդերային հիման վրա կատարվող բռնարարքների քննությունը», «Անչափահաս կամ փոքրամասնության խմբին պատկանող իրավախախտների իրավունքների պաշտպանությունը», «Ֆինանսական հանցագործություններ և եկամուտների հայտարարագրման խախտումներ՝ կապված կոռուպցիայի հետ», «Անդրազգային հանցավորության և մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը», «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն»: Ակադեմիայում այդ դասընթացների դասավանդումը կազմակերպելու նպատակով մի քանի փուլով իրականացվելու են վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ: Այսօր մեկնարկել է դատախազության և քննչական համակարգերից ընտրված դասավանդողների վերապատրաստումը: Առաջիկայում նախատեսվում է նաև նմանատիպ դասընթացների կազմակերպում դատավոր-դասընթացավարների համար:

Վերապատրաստման մեկնարկից առաջ Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ունեցած համագործակցության շրջանակում և Երևանի պետական համալսարանի թիմի հետ մշակվել է 9 դասընթաց, որոնք պետք է ներդրվեն Ակադեմիայի ուսումնական ծրագրում: Դասընթացները նախատեսված են ինչպես գործող դատավորների, դատախազների, քննիչների, այնպես էլ՝ թեկնածուների համար:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի խոսքով՝ այս ծրագիրն իրականացվում է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ՝ Միացյալ Նահանգների հանրային կառավարման ազգային ակադեմիայի և ԵՊՀ-ի միջև համագործակցության արդյունքում:

Վերապատրաստումը հաջողությամբ ավարտած մասնակիցները ԱՄՆ պետքարտուղարության կողմից կստանան համապատասխան վկայականներ, ինչի արդյունքում հնարավորություն կստանան նոր մշակված առարկայական կուրսերը դասավանդել Արդարադատության ակադեմիայում: