ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ներկայացրեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ նորանշանակ տնօրենին՝ Արգամ Հովսեփյանին: Մարտիրոսյանը նշեց՝ ՊՈԱԿ-ը պետք է շարունակի աշխատել՝ հասնելով զարգացման նոր մակարդակի:

«Չկա աշխատանք, որտեղ թերություններ չլինեն: Ամբողջ այս կոլեկտիվը, բոլոր մասնագետները հիմնական գործունեություն են իրականացնում, հիմա պետք է զարգացում՝ նոր մակարդակ, սա է հիմնական խնդիրը: Պարոն Հովսեփյանն այստեղ առավելություն ունի՝ երկար տարիներ նա այս կոլեկտիվում աշխատել է, գիտi անձնակազմի հիմնական ուժեղ և թույլ կողմերը, պետք է աշխատի, որ այդ զարգացումը երևա և հնարավորինս կարճ ժամանակում»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ այս կառույցը թեպետ մի փոքր անսովոր է իրենց զուտ գիտական համակարգի համար, սակայն կա մի շատ դրական բան, որ արել է նախկին ղեկավարությունը, այն է՝ կենտրոնը իր գործունեությամբ կապել է գիտական, գիտահետազոտական ինստիտուտների հետ: Սա, ըստ ԳԱԱ նախագահի, ամենակարևոր արդյունքն է, որովհետև ԳԱԱ հետազոտական ինստիտուտները ևս ստացել են աշխատանքի դրական ազդակներ՝ տեսնելով, որ իրենց գիտական արդյունքները կարող են կիրառվել նաև այս բնագավառում, իսկ դա ոչ պակաս կարևոր է: Մարտիրոսյանն ընդգծեց՝ այդ աշխատանքը պետք է շարունակվի, և լավ կլինի, որ դա ամրագրվի պայմանագրերով:

«Դրա անմիջական կազմակերպման հարցում դնելու եմ ողջ ներուժը, որպեսզի բարձրացնենք մեր կազմակերպության դերն ու նշանակությունը ինչպես ներպետական մակարդակներում, այնպես էլ միջազգային հարթակներում, դրանով իսկ բարձրացնելով մեր կազմակերպության լիազոր մարմնի ԳԱԱ դերն ու նշանակությունը նաև փորձագիտության բնագավառում»,- ասաց նորանշանակ տնօրենը:

Հովսեփյանի խոսքին Մարտիրոսյանն արձագանքեց՝ նշելով, որ կատարյալ օրինակ կլինի, եթե իրենք՝ ԳԱԱ նախագահությունը, ՊՈԱԿ աշխատանքի վերաբերյալ քաղաքացիներից կամ կազմակերպություններից բողոք չստանան:

Արգամ Հովսեփյանը ՊՈԱԿ տնօրեն է ընտրվել 07.12.2017թ. համաձայն կազմակերպության  կանոնադրության, ՀՀ ԳԱԱ  հայտարարված մրցույթի արդյունքում: Նա աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2005թ-ից, սկզբում՝ որպես  դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետ, իսկ 2010թ-ից բաժնի պետ է: