Կնեսեթի անդամները առաջին անգամ որոշել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկման դնել: Որոշումը կայացվել է մայիսի 23-ին քննարկումների ժամանակ:

Առաջարկի նախաձեռնողը եղել է «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորները կողմ են արտահայտվել նախաձեռնությանը, դեմ քվեարկողներ չեն եղել, հաղորդում է The Times of Israel-ը։

Զանդբերգի նախաձեռնությունը ներկայացնելով՝ Կնեսեթի նախագահ Յուլիա Էդելշտեյնը հայտարարել է, որ մտահոգված է ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, որոնք արվում են միայն Թուրքիային և նրա առաջնորդ Էրդողանին նախատինք տալու համար:

«Կնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա ճիշտ է, դա արդար է», - նշել է նա:

Զանդբերգը նաև շեշտել է, որ որոշ երևույթներ վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից, ավելացնելով, որ «այլ ազգերի ողբերգությունները չպետք է որպես քաղաքական խաղաքարտ օգտագործվեն»:

Ավելի ուշ, քննարկումներից հետո Զանդբերգը իր միկրոբլոգում գրել է.

«Պատմություն. Կնեսեթն առաջին անգամ հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկությունը լիակազմ նիստում քննարկելուն, ինչի արդյունքում Կնեսեթը պաշտոնապես ճանաչում է ցեղասպանությունը: Կան բաներ, որոնք դուրս են քաղաքականության շրջանակից»:

Քննարկումների ամսաթիվը չի հայտարարվել: Իսրայելի կառավարությունը չի ուղարկել ներկայայացուցչի, որը կարող էր առարկել նախաձեռնությանը և այդպիսով քննարկումներին դեմ չի արտահայտվել: