Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), տեղեկացնում է, որ Արմավիրում «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, ծառայությունը կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:

Ըստ ՍԱՊԾ-ի, լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են «մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկկ ցուցանիշներով: Ջրից և կեռասից վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել»:

Ըստ ծառայության, նշված մանրէաբանական անհամապատասխանությունները կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ, որի բնորոշ հատկանիշներն են գլխացավը, գլխապտույտը, ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, դիարեան (լուծ), երբեմն՝ հոդացավը: Սննդային թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես ախտածին մանրէները, այնպես էլ դրանց կենսագործունեության ընթացքում արտադրված տոքսինները (թույները):

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ մասնագետները շարունակում են վերահսկողական գործողությունները նաև «ԱլկաՖուդ» և «Միլեռոն» ՍՊԸ-ներում, որոնք, ինչպես պարզվել էր հետագծելիության սկզբունքով, Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարողներն են:

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին և 18-ին նույն ախտանիշներով՝ սրտխառնոց, փսխում, ջերմություն, լուծ, գլխապտույտ, «Արմավիր» ու «Մեծամոր» ԲԿ-ներ էին տեղափոխվել «Հայաստանի հողեր» ընկերության 87 աշխատակիցներ։ Նրանք ամսի 17-ին ընդմիջմանը կերել էին «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի մատակարարած սենդվիչները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Աշխատակիցները նաև կեռաս են կերել ու «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի մատակարարած ջրից խմել։ Զանգվածային թունավորման դեպքով քրեական գործ է հարուցվել։