Հայաստանի կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ի նիստում հավանություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան և Անդրանիկ Հարությունյան) օրենսդրական նախաձեռնության նախագծին, որով առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարել և ամրագրել, որ եթե պատգամավորները հանդես են գալիս օրենսդրական որևէ նախաձեռնությամբ, ապա կառավարության ներկայացուցիչը ոչ թե կարող է հանդես գալ որպես հարակից զեկուցող, այլ պարտավոր է:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ այդ փոփոխությունն ընդունելի է մեկ վերապահումով, որ կառավարության ներկայացուցիչը հանդես գա որպես հարակից զեկուցող այն դեպքում, երբ ունի առաջարկություն.

«Որովհետև կարող է նման առաջարկություն չլինել: Այո ընդունում ենք, որ կառավարության ներկայացուցիչը հանդես գա խորհրդարանում և ելույթ ունենա»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց.

«Այսինքն ունենք 4 իրավիճակ՝ կառավարությունն առաջարկ չունի, կառավարությունն ունի հեղինակի տեսակետից բացասական առաջարկություն, ունի չեզոք առաջարկություն և ունի պոզիտիվ առաջարկություն: Այսինքն այս 4-ից երեքի դեպքում կառավարության ներկայացուցիչը հանդես է գալիս որպես հարակից զեկուցող»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ կառավարության ներկայացուցիչը բոլոր դեպքերում հանդես գա որպես հարակից զեկուցող, եթե անգամ կառավարությունը չունի առաջարկ.

«Թող գնա և ներկայացնի, թե ինչու չունի առաջարկ»:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատեց.

«Այսինքն եթե հիմա կառավարության նիստում որևէ որոշման վերաբերյալ չկա առաջարկ, ես պետք է բոլոր նախարարներին հերթով հարցնեմ, թե ինչու չունեն առաջա՞րկ»: