Մայիսի 23-ից ակտիվ գործողություններ են սկսված և առաջիկա օրերին հրապարակումներ կլինեն ապօրինի հարստացած մարդկանց բացահայտումների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կառավարության նիստից առաջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ Վանեցյանը հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, ովքեր գործել են կոռուպցիոն սխեմաներով: Նա ասել էր նաև, որ Հայաստանում 350 մարդ կա, ովքեր տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ ԱԱԾ ղեկավարն ասել էր, որ ինքը կողմ է, որպեսզի կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե։

«Ես չեմ ասել, որ 350 հոգին մայիսի 23-ին բերման են ենթարկվելու, կամ հայտարարվելու է, բայց կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին։ Դա բարդ և ծանր, մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք: Պետք է այնպես անենք, որ ոչ ոքի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ, իսկ դրա համար մի քիչ ժամանակ է պետք։ Բայց մայիսի 23-ից արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, տրվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալներն այս փուլում հաստատվել են»։

Անդրադառնալով այն հարցին, թե կան արդյոք բարձրաստիճան պաշտոնյաներ այդ ցանկում՝ Վանեցյանն ասել է.

«Եկեք այդ հարցին չպատասխանեմ, առաջիկա օրերին ամբողջությամբ կլինի»։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում, ԱԱԾ տնօրենն այսպես է արձագանքել.

«Նման բան մենք չունենք։ Տարոն Մարգարյանի, առհասարակ որևէ պաշտոնյայի նկատմամբ նպատակային նյութեր չենք նախապատրաստում։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը, և մեր աշխատանքի արդյունքում, եթե մեզ հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության վերաբերյալ, մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»։

Ավելի վաղ ԱԱԾ ղեկավարը հայտարարել էր, որ կոռուպցիոն սխեմաների շրջանակում ոմանք պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։

«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն, ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ», -հայտարարել էր ԱԱԾ նոր պետը։