Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ է և պետք է ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակը մեծացվի նշել է․

«Ես համաձայնել եմ Հայաստանի նախագահ լինել այս Սահմանադրությամբ»: Փոխանցում է news.am-ը։

Երկու պատասխան ունեմ ձեր հարցին, երբ ժամանակին ինձ առաջարկվեց ՀՀ նախագահ լինել, ես Սահմանադրությունը գիտեի և ավելի մանրամասն ուսումնասիրել էի: Ես ընդունել եմ Հայաստանի նախագահ լինել այս Սահմանադրությամբ:

Երկրորդ, ցանկացած երկրում, երբ խոսում ենք երկրի կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապագայի նկատմամբ ամուր ու կայուն կառույց ունենալու մասին, մի քանի հիմնարար խնդիրներ կան: Դրանից մեկը իշխանության հավասար բաշխումն է, ինչը շատ էական է: Տվյալ դեպքում խոսքը կառավարության, Ազգային ժողովի ու նախագահի մասին է: Որքան այդ լիազորությունները հավասարաչափ, տրամաբանորեն սահմանադրության սահմաններում բաշխված են, այնքան համակարգն ավելի կայուն է»:

ՀՀ նախագահը նշել է, որ շատ էական է, որ ցանկացած կառավարության, պետական կառույցի դեպքում դրանք արտահայտեն հասարակության կարծիքը.

«Եթե կարողանանք այս ամենն իրականացնել, այսինքն ունենանք կառույցներ, որոնք հավասարաչափ բաշխվելով բոլորն աշխատում են ի նպաստ երկրի ու պետականության, եթե քաղաքացի լինելը դառնա մշակույթ յուրաքանչյուր քաղաքացու համար, այսինքն քաղաքացի չլինի միայն այն պահին, երբ փողոցում բողոքում է, այլ առօրյա կյանքում ու տարիներ շարունակ, ապա կարող ենք վստահ լինել, որ մեր պետությունն ամուր է», - ընդգծել նախագահը: